Մեր մասին

«Ջրտուք» ՍՊԸ-ն ինժեներախորհրդատվական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997թ.: Իր գործունեությամբ ընկերությունը նպաստում է Հայաստանի և Արցախի կենսական նշանակություն ունեցող ջրային ոլորտի և քաղաքաշինության զարգացմանը: Մասնագիտական ներուժի, նվիրման, շարունակական կատարելագործման շնորհիվ այսօր «Ջրտուքը» Հայաստանի ջրային ոլորտի առաջատար կազմակերպություններից է: 

Վստահելի գործընկեր միջազգային հեղինակավոր ընկերությունների և պատվիրատուների համար

Ստեղծարար միտքը և ժամանակակից տեխնիկական լուծումները համադրելու հմտությունը, յուրաքանչյուր գործում գրագետ մոտեցումը մեզ տարբերում են ոլորտի ընկերություններից։ Բացի այդ, պատասխանատվությունը, բարձր որակ և առավելագույն արդյունավետություն ապահովելու ձգտումը «Ջրտուք» ՍՊԸ-ն դարձնում են վստահելի գործընկեր միջազգային հեղինակավոր ընկերությունների և պատվիրատուների՝ պետական կառավարման մարմինների, մասնավոր ոլորտի և համաշխարհային կազմակերպությունների համար:

50 գործընկեր, 300 ծրագիր, 1.8 միլիոն շահառու

Ընկերությունը համագործակցության կայուն շրջանակ է ստեղծել ավելի քան 50 գործընկերների հետ և իրականացրել ավելի քան 300 ծրագիր: «Ջրտուքը» նաև կամուրջ է միջազգային ընկերությունների հետ գործակցությամբ համաշխարհային փորձը Հայաստանում տեղայնացնելու համար: Մեր մասնագիտության համաշխարհային միտումների և տարածաշրջանային առանձնահատկությունների մասին գիտելիքների համադրմամբ մենք գտնում ենք լավագուն լուծումը յուրաքանչյուր ծրագրի իրագործման համար:
Ինժեներախորհրդատվական ծառայությունները մատուցում ենք ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային նորմերին համապատասխան, ինչը բարձր է գնահատվում Համաշխարհային բանկի, AFD-ի, ԵՎԶԲ, KFW, USAID, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հեղինակավոր այլ կազմակերպությունների փորձագետների կողմից:

Պատասխանատու ծրագրեր Հայաստանում և Արցախում

Մենք պարտավորություն ենք զգում մասնագիտական հմտությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ոլորտային զարգացման գործում կիրառելու համար և գործին նվիրվում ենք պատրաստակամությամբ: Մեզ վստահված պատասխանատու ծրագրերից են Երևանի ջրամատակարարման բարելավման, Վեդիի ջրամբարի կառուցման, Հայաստանի 579 գյուղերի և 17 փոքր քաղաքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման, 68 պոմպակայանների բարելավման ու 8 ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցման, ՀՀ 15 ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ-ների) ոռոգման համակարգերի վերականգնման խորհրդատվական ծառայությունները, ինչպես նաև Արցախի ջրամատակարարման կարիքների գնահատումն ու ջրամատակարարման ծրագրերի իրականացումն հանրապետության ողջ տարածքում:  

Գործունեություն

Ընկերությունը մասնագիտացած է ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, դրենաժային համակարգերի, հիդրոէլեկտրակայանների ուսումնասիրության, նախագծման, շինարարության տեխնիկական վերահսկողության ու կառավարման և խորհրդատվական աշխատանքներում: Գործառույթների այս փաթեթն ընկերությունը մատուցում է նաև քաղաքաշինության ոլորտում՝ քաղաքացիական, արդյունաբերական և ռազմական շինությունների կառուցման համար: Համադրելով ավանդականն ու ժամանակակիցը՝ մենք առաջարկում ենք ճարտարապետական լուծումներ, որոնցով ապահովվում են ինչպես կառույցի ամրությունը, հուսալիությունը, կիրառման հարմարավետությունը, այնպես էլ արտաքին ներդաշնակությունը:
«Ջրտուքը» ծառայություններ է մատուցում համալիր փաթեթով՝ ուսումնասիրությունից և նախագծումից մինչև տեխնիկական հսկողություն, խորհրդատվությունից՝ ծրագրերի կառավարում:

  • Ստեղծարար մտքի և ժամանակակից տեխնիկական լուծումների համադրում

  • Համաշխարհային փորձի տեղայնացում

  • Լավագույն լուծում՝ յուրաքանչյուր ծրագրի համար 

  • Իրականացրած ծրագրեր՝ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում 

Առաքելություն

Պրոֆեսիոնալ աշխատանքով նպաստել Հայաստանի և Արցախի ողջ տարածքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրերի բարձր մակարդակի համար նախագծային հիմքի ստեղծմանը:

Տեսլական

Պահպանել Հայաստանի ջրային ոլորտում առաջատար դիրքը՝ լինելով մեր երկրում մասնագիտական նորարարական և արդյունավետ լուծումների ներդրման առաջամարտիկը։

Արժեքներ

Աշխատանքում առաջնորդվում ենք առանցքային արժեքներով. բնության հանդեպ հոգատարություն, բնական պաշարների արժևորում, երկրի ոլորտային զարգացման հրամայականի գիտակցում, համայնքների հանդեպ պատասխանատվություն:
Կազմակերպության համար բնապահպանական խնդիրներն ունեն բարձր առաջնահերթություն, քանի որ ջրային ռեսուրսների պաշտպանությունը և կառավարումը ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման անբաժանելի մասն են: Բոլոր ծրագրերը մշակում ենք շրջակա միջավայրի վրա բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատմամբ՝ ներառելով հնարավոր բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումներ: